Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայի նկատմամբ աշխարհի ուշադրությունից՝ շրջափակելով Լեռնային Ղարաբաղը․ CNN-ի թղթակիցը՝ Արցախի շրջափակման մասին

20 Հուլիսի 2023, 12:02

Քաղաքականություն

CNN-ի մշտական թղթակից և The New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆն անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

Նա գրում է, որ Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայի նկատմամբ աշխարհի ուշադրությունից՝ շրջափակելով Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով պարենային և առողջապահական ճգնաժամ։

«Իրավիճակն օրեցօր վատանում է»,- արձանագրում է հոդվածագիրը։

Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:

Հավելենք, որ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: