Շրջափակումը դժվարություններ է ստեղծել, բայց Արցախում ճամբարական ավանդույթը չի խախտվել
21 Հուլիսի 2023, 18:00
44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո Արցախի շրջաններում և մայրաքաղաքում ՀՅԴ տարբեր երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող բակային ճամբարները ավանդույթ էին դարձել բոլորի համար։ Այս տարի շրջափակման պայմաններում ավանդույթը չխախտելու, երեխաների ուրախ ու հետաքրքիր առօրյան ապահովելու համար ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչությունը որոշել է Մարտունի քաղաքում կազմակերպել բակային ճամբար։ «Արցախթերթի» հետ զրույցում ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ անդամ Վահագն Խաչատրյանն ասում է, որ այս տարի ամենադժվարն է եղել կազմակերպելը:
«Դժվարությունները, սակայն, պատճառ չհանդիսացան, որ մենք հետ կանգնենք մեր առջև դրված խնդրից։ Մենք մեր առջև նպատակ էինք դրել այս պայմաններում պատանիների համար ապահովել աշխույժ ու ուրախ առօրյա՝ հագեցած նոր գիտելիքներով, ժամանցային, մշակութային և սպորտային ծրագրերով»,- ասել է Խաչատրյանը։
Ամեն ինչ անում են, որ շուրջ հարյուր՝ 12-16 տարեկան ճամբարականի կարողանան սննդով ապահովել: Առավոտյան ժամը 8-ին է սկսում ճամբարի առօրյան և ավարտվում 14։00-ին: Բացի ճամբարային առօրյայից, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները՝ Մարտունու ՏԻՄ կառույցների հետ համատեղ, փորձում են հետաքրքիր դարձնել նաև ամառային երեկոները՝ դաստիարակչական ֆիլմերի, մուլտֆիլմերի ցուցադրությամբ, ազգային պարերի բաց դասերով, արշավներով։