Շահումյանում գտնվող աղբավայրը պարսպապատելու ենք, տեղադրվելու են տեսախցիկներ․ Սևակ Խաչատրյան

11 Նոյեմբերի 2025, 14:48

Քաղաքականություն

Մենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը, տեղադրվելու են տեսախցիկներ, լինելու են անցակետեր, որպեսզի աղբը թափվի աղբավայրում։ Այս մասին հայտարարել է Վաղարշապատի համայնքապետի «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Սիրելի վաղարշապատցիներ, չափազանց կարևոր մի խնդրի եմ ուզում անդրադառնալ՝ մեր համայնքի աղբավայրի խնդրին, որը գտնվում է, մեղմ ասած, կատաստրոֆիկ վիճակում։ Մենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը, տեղադրվելու են տեսախցիկներ, լինելու են անցակետեր, որպեսզի աղբը թափվի աղբավայրում, այլ ոչ թե ով որտեղ ցանկանա։

Այսօր աղբավայրը կարծես տեղափոխվել է մարդկանց սեփական վարելահողերի վրա, և մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Աղբի այրում չի լինելու, քանի որ այդ քիմիական նյութերով ծուխը շնչում ենք մենք և մեր երեխաները։ Դուք այլևս այրվող աղբի ծխի ամպեր և թունավոր նյութեր արտանետող մառախուղեր չեք տեսնելու։ Եվ վերջում, իհարկե, մասնավոր համայնք համագործակցության արդյունքում հիմնելու ենք աղբի վերամշակման ժամանակակից գործարան, որտեղ իր մասնաբաժինն է ունենալու նաև համայնքը»,- նշել է Խաչատրյանը։