Հայաստանը չի կարող լինել թյուրքական աշխարհի մաս, եթե ունի Արցախ. Բենիամին Մաթևոսյան

26 Նոյեմբերի 2025, 13:50

Քաղաքականություն

Հայաստանը չի կարող լինել թյուրքական աշխարհի մաս, եթե ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եթե ունի Արցախ։ Այս մասին «Եվրասիա-Հայաստան» փորձագիտական հարթակում «Նոր աշխարհակարգը և Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով «Atlantic Council»-ում վերջերս տեղի ունեցած քննարկումը, որտեղ հնչել էր այն կարծիքը, թե Հայաստանն ու Տաջիկստանը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) «բացակայող տարրերն» են:

«Փաստացի Հայաստանն անվանում են ԹՊԿ «բացակայող տարր»: Հայաստանը չի կարող դառնալ թյուրքական աշխարհի մաս, քանի որ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ունի Արցախ: Արցախն այն նվազագույն գինն էր, որը Հայաստանը պետք է վճարեր դեպի թյուրքական աշխարհ անցման ճանապարհին, ինչն էլ իրականում տեղի ունեցավ»,- ասել է նա։

Խոսելով Հայաստանի Հանրապետությունում հետագա իրադարձությունների մասին՝ Մաթևոսյանը նշել է, որ երկար տարիներ Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ, փորձագետներ և պետական գործիչներ զգուշացնում էին, որ Հայաստանը գլոբալ առումով ունի հետևյալ աշխարհաքաղաքական երկընտրանքը՝ կամ Ռուսաստան (ինտեգրում, փոխգործակցություն), կամ Թուրքիա։

«Այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանը պարզապես այլընտրանք չունենա Թուրքիային և թուրքական շուկային, էներգակիրներին։ Այդպիսին է Հայաստանի իշխանությունների աշխարհաքաղաքական ընտրությունը։ Հայաստանը նպատակաուղղված տանում են դեպի թյուրքական աշխարհ՝ առանց անվտանգության երաշխիքների»,- հավելել է նա։