ԱՄՆ-ում լցանավը բախվել է 180 մարդու տեղափոխող զբոսանավին․ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են
14 Նոյեմբերի 2026, 16:00
«Atlantic Asphalt» լցանավը բախվել է նավամատույցում կանգնած American Heritage զբոսանավին, ինչի հետևանքով նավում ջուր է լցվել, որից հետո այն թեքվել և շրջվել է։ Վթարը տեղի է ունեցել Միսիսիպի գետի վրա՝ Նոր Օռլեանում։
Ուղևորների և անձնակազմի մի մասը հայտնվել է ջրում։ Փրկարարական աշխատանքներին միացել են ոստիկանությունը, մերձակայքում գտնվող նավերի աշխատակիցները։
Նոր Օռլեանի քաղաքապետ Հելենա Մորենոյի խոսքով՝ նավում գտնվող բոլոր 180 մարդկանց հաջողվել է փրկել։ 32 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, բայց ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
«Մենք ոչ մի անհետ կորած չունենք, և սա իսկական հրաշք է Միսիսիպիում»,- հայտարարել է Մորենոն։
ԱՄՆ առափնյա պահպանության նախնական տվյալներով՝ հնարավոր է՝ լցանավը կորցրել է կառավարումը։ Բախման ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ հետաքննություն կանցկացնի ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։
«Associated Press»-ի տվյալներով՝ լցանավը պատկանում է Լիբերիայում գրանցված Nave Shipping SA ընկերությանը, որն, ըստ «MarineTraffic»-ի, չինական պետական «China State Shipbuilding Corporation» նավաշինական կորպորացիայի դուստր կառույցն է։
«American Heritage» զբոսանավն ավարտում էր Միսիսիպի գետով ութօրյա նավարկությունը։ Նոր Օռլեանը պետք է դառնար երթուղու վերջնակետը։