Ոտքով ուխտագնացություն՝ դեպի Դաշուշենի սբ Աստվածածին եկեղեցի
30 Հուլիսի 2023, 15:28
Հուլիսի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ս. Գրիգոր Լուսավորչի որդվոց և թոռանց տոնը: artsakhtert-ը հայտնում է, որ Ստեփանակերտից մի քանի տասնյակ հավատացյալներ ոտքով, ուխտի են գնացել Դաշուշենի Ս. Աստվածածին եկեղեցի՝ համայնքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ասրյանի գլխավորությամբ, ով ուխտը բնորոշել է որպես ապաշխարություն, միաբանություն և փրկություն:
Տոն օրվա կապակցությամբ, մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչ քահանան իր պատգամի խոսքում կարևորել է այս տոնը, հատկապես՝ Արցախի ու արցախցիների համար, որովհետև հենց Գրիգորիսն է եղել Արցախ աշխարհի լուսավորիչը:
«Արցախը ոչ միայն տուն է, այլ նաև հոգևոր գանձարան, որտեղ ամփոփված են հայոց սրբերն ու մեծերը, վանքերն ու եկեղեցիները, սրբությունները, մշակութային և ազգային արժեքները», — նշել է Տ. Ներսես քահանա Ասրյանը:
Ուխտավորներն այցելել են նաև տեղի «Ս. Սրաբեկ» ուխտավայր, որտեղ անցկացրել են հոգևոր զրույց: