Խաղաղությունը պարտվելով չեն բերում․ հարցում Սյունիքում
19 Դեկտեմբերի 2025, 21:40
Սյունիքի մարզում հարցում է անցկացվել, որի ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է խաղաղություն բերել։
Բնակիչները շեշտում են, որ հազարավոր զոհերը, տարածքային կորուստները և Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների առկայությունը հակասում են խաղաղության գաղափարին։ Ըստ նրանց՝ հողերի արագացված հանձնումը՝ պատերազմից խուսափելու հույսով, իրականում չի բերում սպասված հանգստությունը։
«Եթե մարդը կամքով ուժեղ չէ, իրական խաղաղության մասին խոսելն իմաստազրկվում է։ Ինչպե՞ս կարող է խաղաղություն հաստատվել, երբ թշնամին շարունակում է սպանել մեր երեխաներին։ Խաղաղությունը չի այցելում այնտեղ, որտեղ տիրում է թուլությունը»,- ասել է սյունեցիներից մեկը։
Հարցվածները հիշեցրել են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած դառը պատմական փորձը՝ նշելով, որ դժվար է պատկերացնել խաղաղ գոյակցություն մի կողմի հետ, որը տասնամյակներ շարունակ իրականացրել է հայակործան քաղաքականություն։ «Այսքան պատերազմներ ու կորուստներ եղան, ի՞նչ խաղաղություն բերեցին մեզ։ Մենք միայն սահմաններ կորցրեցինք, հինգ հազար զոհ տվեցինք, իսկ մեր տղաները մինչ օրս տառապում են Բաքվի բանտերում»,- ասել է հարցվածներից մեկը։
«Խաղաղությունը պարտությամբ չեն բերում. իրական խաղաղությունը պետք է հաստատել հաղթանակի դիրքերից և հաղթանակի միջոցով»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում։