Հայրենական մեծ պատերազմի վետերան Պետրոս Պետրոսյանը նշել է 102-ամյակը
22 Դեկտեմբերի 2025, 23:52
Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Արտաշեսի Պետրոսյանն օրերս նշել է իր ծննդյան 102-ամյակը:
Հայ ժողովրդի փառապանծ զավակներից մեկը՝ Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանում։ 1941 թվականին՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից սկսած արիաբար մարտնչել պատերազմի տարբեր ճակատներում։
Ղեկավարելով հրետանային դիվիզիոնի մարտկոցը՝ նա իր անգնահատելի ավանդն է ներդրել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Չեխոսլովակիայի ազատագրման գործում։ Մարտերի ընթացքում երեք անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել մինչև Բեռլին։
Իր վաստակի համար վետերանն արժանացել է ավելի քան 100 պարգևի, այդ թվում՝ «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի I աստիճանի» շքանշանների, «Մարտական սխրանքների համար», «Հայրենիքի պաշտպանությանն ակտիվ մասնակցության համար», «Հետախուզության մեջ ակտիվ գործողությունների համար» մեդալների և այլն։
Նրա կյանքը մի ողջ ժողովրդի հերոսական պատմության անբաժանելի մասն է, որի մասին պետք է հիշել և փոխանցել սերնդեսերունդ։