Մաեստրո Վլադիմիր Սպիվակովը Կրեմլում արժանացել է պետական բարձրագույն պարգևի

26 Դեկտեմբերի 2025, 21:24

Հայեր

Դեկտեմբերի 24-ին Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մաեստրո Վլադիմիր Սպիվակովին է հանձնել «Աշխատանքի հերոսի» Ոսկե աստղը՝ նրան անվանելով «բացառիկ վարպետ, մեծ երաժիշտ, փայլուն մանկավարժ և առատաձեռն բարերար»:

Ի պատասխան իր ելույթի՝ Սպիվակովը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ 2025 թվականն իր համար առանձնահատուկ էր, քանի որ երկիրը նշում էր Հաղթանակի 80-ամյակը: Նա հիշել է իր ընտանիքի պատմությունը. մայրը վերապրել է Լենինգրադի շրջափակումը, հայրը մասնակցել է պատերազմին և ծանր վիրավորում ստացել, իսկ պապն ու տատը զոհվել են Դախաուի համակենտրոնացման ճամբարում:

Մաեստրոն պատմել է շրջափակման վերացմանը նվիրված ներկայացման մասին, որը ստեղծվել է Ալիսա Ֆրեյնդլիխի հետ համատեղ, ինչպես նաև ողջ Ռուսաստանով մեկ տեղի ունեցած բազմաթիվ համերգների մասին, որտեղ որպես մենակատար հանդես է եկել Հիբլա Գերզմավան:

Սպիվակովը նախագահին հիշեցրել է 2014 թվականին Ալեքսանդրինյան թատրոնում կայացած համերգը՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 70-ամյակին, և մեջբերել Իոսիֆ Բրոդսկու խոսքերը. «Ժամանակը, բախվելով հիշողությանը, իմանում է իր անիրավության մասին»: