Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ շենքից
30 Դեկտեմբերի 2025, 22:19
Քիչ առաջ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Դրսում նրան սպասում էին աջակիցները, որոնք ողջունեցին նրան ծափերով և կոչերով։ Դատարանը Կարապետյանի նկատմամբ կիրառել է ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված էր 2025 թվականի հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։