Սա նման էր ազգային վերածննդի. միջազգային սկանդալ՝ «Ադրբեջան» գրությունը փակելու շուրջ

14 Հունվարի 2026, 15:00

Սպորտ

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանն Իտալիայում անցկացված հեղինակավոր «Tour de Ski» մրցաշարի փուլերից մեկի ժամանակ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ է կիրառել հայ մարզիկ նկատմամբ այն բանից հետո, երբ Միքայելյանը կպչուն ժապավենով փակել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորը։

«Ես փակեցի գրությունը և դուրս եկա մեկնարկի։ Ինձ համար արժանապատվությունն ու իմ հայրենիքն ամեն ինչից վեր են։ Ժյուրին դա նկատեց մրցումներից հետո։ Ես բացատրեցի պատճառը, նրանք ասացին, որ հասկանում են, սակայն Միջազգային ֆեդերացիայի կանոնների համաձայն բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն»,- սկանդալից հետո հայտարարել է Միքայելյանը։

Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հետ:

«Մենք արժանապատիվ ազգ ենք: Ես ևս մեկ անգամ համոզվեցի դրանում: Չեմ հանդիպել գեթ մեկ մարդու, որ դատապարտի Միքայել Միքայելյանի քայլը: Սա նման էր ազգային վերածննդի: Մեր ժողովուրդն իրականում ուներ սրա կարիքը, ժողովուրդը ցույց տվեց, որ արժեքներ կան, որոնք ոչնչացնել ուղղակի հնարավոր չէ»,- ասել է Սարգսյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ սպորտի ոլորտում կան բազմաթիվ բացթողումներ, և հայկական սպորտում մեծ հաջողությունների պետք չէ սպասել:

«Կիսասովետական համակարգով 21-րդ դարում մեծ հաջողությունների հասնել ուղղակի հնարավոր չէ: Մենք ունեցել ենք համակարգ, որը փայլուն գործել է Խորհրդային Միության ժամանակ։ Ժամանակներն այդպիսին են եղել՝ սկսած լիարժեք պետական ֆինանսավորումից և ավարտված մեր մարզիկների՝ Խորհրդային Միության հավաքական թիմերում ընդգրկմամբ։ Փլուզվեց ԽՍՀՄ-ը, բայց նոր համակարգ չստեղծվեց, որը համահունչ կլիներ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Հատկապես այս տեխնոլոգիական դարում արդեն իսկ ուշացել ենք որևէ համակարգ ստեղծելուց»,- ընդգծել է Գագիկ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում