Դատավորը ոչ թե տնային կալանքի մասին որոշումն է բեկանել, այլ այդ հարցով վարույթ հարուցելու մասին որոշումը․ Վարդևանյան
16 Հունվարի 2026, 16:58
Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Արդյոք դրա հետևանքը ի վերջո դա է, այո, բայց արդյոք դատարանը ուղիղ գնահատականը տվել է՝ տնային կալանք, թե կալանք` ոչ։ Կարող էր արդյոք այդպես անել, կարող էր․ այդպես չի արել։ Մնացած հարցերն ուղղեք Սուրեն Խաչատրյանին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ օրենսգիրքը նախատեսում է, որ կալանքի կամ տնային կալանքի ժամկետը լրանալուց հինգ օր շուտ պետք է ներկայացվի երկարաձգման միջնորդություն, եթե նման անհրաժեշտություն կա, եթե չկա, չի ներկայացվում, բայց այդ հինգ օրից ուշ չեն կարող ներկայացնել:
«Եթե այդ ժամկետի պայմանը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել: Քննիչների կողմից ներկայացվել է տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն: Ի դեպ, որի մեջ ներկայացված են նաև պատճառաբանությունները, հիմնավորումները, թե, իրենց պատկերացմամբ, ինչի տնային կալանքը պետք է պահպանվի: Հիմա դա կլիներ Սուրեն Խաչատրյանի որոշումը ամսի 16-ին, կլիներ ամսի 18-ին, թե 19-ին, եթե ամսի 13-ին ուղիղ չէր կայացվում, իրավական նշանակություն չի կարող ունենալ»,-հավելել է փաստաբանը։