Միանձնյա ավտորիտարիզմին պետք է փոխարինի կոլեկտիվ կառավարումը. Բենիամին Մաթևոսյանը՝ Քոչարյանի գլխավոր ուղերձի մասին
31 Հունվարի 2026, 11:51
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հիմնական ուղերձներին։
Քաղաքագետը, խոսելով TRIPP-ի մասին, նշել է, որ տնտեսական նախագծերը երբեք չեն կարող փոխարինել անվտանգային երաշխիքներին։ Նա որպես օրինակ բերել է Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի ճակատագրերը՝ փաստելով, որ ֆինանսական ներդրումները չփրկեցին նրանց երկրները մասնատումից։
«Աշխարհաքաղաքականությունը միշտ դոմինանտային է, եթե մենք համեմատում ենք էներգետիկ կամ տնտեսական ինչ-որ պրոյեկտների հետ»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա նախազգուշացրել է, որ առանց հայկական մաքսային ու սահմանապահ վերահսկողության, Հայաստանը վերածվելու է անկառավարելի միջանցքի, որտեղով զենքի տեղափոխումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Իրանի հետ հարաբերություններում։
Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձին։ «Հաստատվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ծանրակշիռ դերակատարում է ունենալու նախընտրական պայքարում»,- նշել է նա։
Բենիամին Մաթևոսյան խոսքով՝ Քոչարյանն առաջարկում է հրաժարվել «սուպերվարչապետությունից» և անցում կատարել կոլեկտիվ և ներառական կառավարման համակարգի։
«Չկա ցանկություն միանձնյա, գրեթե ավտորիտար կառավարման համակարգ ձևավորելու, այլ կա ակնկալիք, որ կլինի կոլեկտիվ կառավարում։ Դժվար է գտնել առանձին անհատի կամ ուժի, որը միայնակ կարողանա կրել այս պատասխանատվության բեռը»,- եզրափակել է Մաթևոսյանը։