Փաշինյանին հարգելու պատճառ չունեմ. հարցում Տավուշում

02 Փետրվարի 2026, 15:00

Քաղաքականություն

Տավուշում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին։ Հարցվածների մի մասը նշել է՝ բանակում նկատվում են խնդիրներ, որոնք նրանք բնութագրել են որպես քայքայման գործընթաց:

Բնակիչներից մեկի խոսքով՝ հայկական բանակն այսօր կորցրել է իր նախկին դեմքն ու կարգապահությունը։

«Մեր բանակը պետք է հիմնովին վերակառուցվի։ Առաջ զինվորը զինվոր էր, սպան՝ սպա։ Հիմա «ախպերություն» են անում. զինվորը հրամանատարին ասում է՝ «դու ո՞վ ես»։ Ո՞վ է տեսել սպան ու զինվորը միասին հաց ուտեն ու ախպերություն անեն։ Դա բանակ չի»,- ասել է բնակիչներից մեկը:

Հարցման մասնակիցներից մեկն էլ մեղադրել է երկրի ղեկավարությանը՝ Արցախի կորուստը գնահատելով որպես դավաճանության և սխալ կառավարման հետևանք։

«Ղարաբաղը կորցնելու մեջ մեղավորը միայն մեր ղեկավարներն են։ Դավաճանություն էր»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ կասեին Փաշինյանին, եթե հանդիպեին նրան, բնակիչներից մեկը նշել է, որ հանդիպելու ցանկություն անգամ չունի. «Փաշինյանին հարգելու պատճառ չունեմ»: