Իրանի պատասխան հարվածներն ԱՄՆ-ի դեմ չեն լինի այնպիսին, ինչպիսին անցյալ տարի էին․ Սեմյոն Բաղդասարով
03 Փետրվարի 2026, 20:15
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր հարվածի հավանականությանը, Թեհրանի՝ միջուկային ծրագրից հրաժարվելու հնարավորությանը, Իրանի անկայունացումից Հարավային Կովկասին սպառնացող վտանգին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես կարող են Ռուսաստանն ու Չինաստանն օգնել Թեհրանին։
Փորձագետի խոսքով՝ ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի ուժային ճնշման միջոցով բանակցություններում հասնել իրանական կողմի զիջումներին։
«Խնդիրն այն է, որ զսպող գործոն եղել է, կա և կմնա ամերիկյան ղեկավարության, այդ թվում Թրամփի մտավախությունը, որ այդ հարվածներին Իրանը կպատասխանի համարժեք ձևով, և կհետևեն պատասխան հարվածներ։ Սակայն դրանք չեն լինի այնպիսին, ինչպիսին 2021 թվականին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, կամ անցյալ տարի մի շարք իրադարձություններից հետո։ Այսինքն՝ ոչ դեկորատիվ, ոչ ցուցադրական։ Խոսքը իրական հարվածների մասին է՝ Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև այս պահին՝ ավիակիր խմբավորման նավերին։ Իրանն ունի որոշակի զինանոց, և դա կարող է հանգեցնել լուրջ կորուստների»,- հայտարարել է Բաղդասարովը։
Փորձագետը չի բացառել, որ Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում ապակայունացումը կարող է անդրադառնալ նաև Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։