ՔԿ-ի պատասխանը խուսափողական է, ինչը համարժեք է մերժման. Արամ Վարդևանյան
13 Փետրվարի 2026, 15:00
Քննչական կոմիտեն պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման, քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք էր պատասխանել այո կամ ոչ: Այս մասին Alpha News-ին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը։
Նշենք, որ հրապարակման համաձայն՝ «Հայկական Ժամանակ»-ը դիմել է Քննչական կոմիտեին, որտեղից, ըստ կայքի, հերքել են, որ Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թենածու Սամվել Կարապետյանին հանդես գալու արհեստական բանականությամբ պատրաստված տեսաուղերձով։
«Նախ պետք է նշել՝ բնավ զարմանալի չէ, որ հենց «Հայկական ժամանակ» օրաթերթն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ՝ ստանձնելով առաջին աղբյուրի դեր։ Հիշեցման կարգով նշեմ, որ նույն օրաթերթը 2025 թվականի նոյեմբերի 17-ին, երբ դեռ քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը, մենք էլ գտնվում էինք դատական նիստում, հրապարակում էր արել, որ արդեն իսկ կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Սա հիշեցման կարգով։ Իսկապես հետաքրքիր է, որ կրկին «Հայկական ժամանակ»-ը Սամվել Կարապետյանի վերաբերյալ «բացառիկ» հրապարակում է կատարում:
Իսկ այժմ անդրադառնալով բովանդակությանը․ խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն հենց մերժել է։ Իմ կողմից նման գործեալոճ առկա չէ, թե չէ ինքս կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում-հարցումն ու դրա վերաբերյալ պատասխանը։ ՔԿ-ին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյոք դա հենց մերժումը չէ։ Եթե լեզվական, տերմինաբանական մեկնաբանման կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է»,-ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասեցատերը լինելու էր հենց ՔԿ-ն։
«Ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն՝ ՔԿ-ն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազորություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման։ Իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք էր պատասխանել՝ այո կամ ոչ»,- ընդգծել է Արամ Վարդևանյանը։