Ճանապարհ դեպի աստղեր․ Ջեյմս Բաղյանի կյանքն ու առաքելությունը
22 Փետրվարի 2026, 20:00
Ջեյմս Ֆիլիպ Բաղյանն հայկական ծագմամբ ամերիկացի նշանավոր բժիշ է, ինժեներ և տիեզերագնաց։ Ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին՝ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա կենսուղին վառ օրինակ է, թե ինչպես կարելի է բժշկությունը, ինժեներական մտածողությունը և տիեզերական հետազոտությունները միավորել գիտությանն ու հասարակությանը ծառայելու մեկ միասնական առաքելության մեջ։
1969 թվականին ավարտելով Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը՝ Բաղյանը ընդունվել է «Drexel» համալսարան, որտեղ 1973 թվականին ստացել է ինժեներ-մեխանիկի բակալավրի աստիճան։ Ավելի ուշ նա ավարտել է «Thomas Jefferson» համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան (1977 թ.)։ Ինժեներական և բժշկական կրթության այս համադրությունը դարձել է նրա հետագա գործունեության ամուր հիմքը՝ հնարավորություն տալով աշխատել տեխնոլոգիաների և մարդու առողջության խաչմերուկում։
1980 թվականի հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն)։ Նրա տիեզերական կարիերան ընդգրկել է երկու թռիչք․ 1989 թվականին նա մասնակցել է «Դիսքավերի» STS-29 առաքելությանը, որի նպատակն էր ուղեծիր դուրս բերել TDRS-D կապի արբանյակը, իսկ 1991 թվականին՝ «Կոլումբիա» STS-40 առաքելությանը, որը դարձել է առաջին ամբողջությամբ բժշկական հետազոտություններին նվիրված տիեզերական արշավախումբը։ Տիեզերագնացի գործունեության ընթացքում նա տիեզերքում անցկացրել է ավելի քան 337 ժամ՝ շուրջ 14 օր։
1995 թվականին ՆԱՍԱ-ից հեռանալուց հետո Բաղյանը կենտրոնացել է բժշկության և անվտանգության ոլորտների վրա։ Նա դարձել է ԱՄՆ Բժշկության ինստիտուտի անդամ և 2000 թվականին ընտրվել է Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ՝ ինժեներական և բժշկական գիտելիքների համադրման գործում ունեցած ներդրման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հիվանդների անվտանգության խնդիրներին և առողջապահական համակարգում սխալների կանխարգելման մեխանիզմների մշակմանը։
Ջեյմս Բաղյանը ամուսնացած է Թանդի Բենսոնի հետ, նրանք ունեն չորս երեխա։ Ազատ ժամանակ նա զբաղվում է լեռնագնացությամբ, լողով, հեծանվասպորտով, ինչպես նաև սիրում է փայտամշակմամբ զբաղվել և ավտոմեքենաներ վերականգնել։
Բաղյանը բազմակողմանի գիտնականի և հետազոտողի օրինակ է, ով կարողացել է միավորել տարբեր ոլորտներ՝ մարդկության առաջընթացի համար։ Նրա ներդրումը տիեզերական բժշկության և պացիենտների անվտանգության ոլորտներում շարունակում է ազդեցություն ունենալ ժամանակակից գիտության և պրակտիկայի վրա։