Շախմատային էտյուդի վարպետը․ Հենրիկ Կասպարյան
27 Փետրվարի 2026, 22:00
Հենրիկ Կասպարյանը (Գասպարյան) նշանավոր հայ շախմատիստ էր և 20-րդ դարի շախմատային կոմպոզիցիայի խոշորագույն վարպետներից մեկը։ Նրա անունը հավերժ մնացել է պատմության մեջ` շնորհիվ եզակի էտյուդների, որոնք համատեղում էին գեղարվեստական գեղեցկությունն ու խորքային տրամաբանական գաղափարը։
Կասպարյանը ծնվել է 1910 թվականի փետրվարի 27-ին Թբիլիսիում, որտեղ դեռ պատանեկան տարիքից սկսել է զբաղվել շախմատով։ Արդեն 1930-ականներին նա դարձել է խորհրդային շախմատային ասպարեզի նշանավոր դեմքերից մեկը․ երեք անգամ հաղթել է Թբիլիսիի առաջնությունում և տասն անգամ դարձել Հայաստանի չեմպիոն (1934–1956 թթ.)։ 1936 թվականին ստացել է վարպետի, իսկ 1950-ին՝ միջազգային վարպետի կոչում։ Նրա խաղն աչքի էր ընկնում ռազմավարական խորությամբ։
Կասպարյանը մրցել է իր ժամանակի ուժեղագույն շախմատիստների հետ, այդ թվում՝ Դավիթ Բրոնշտեյնի և Վիկտոր Կորչնոյի։
Կասպարյանի գործունեության գլխավոր ուղղությունը դարձել է շախմատային կոմպոզիցիան։ Նա ստեղծել է ավելի քան 400 էտյուդ, որոնցից շուրջ 240-ը մրցույթներում արժանացել են մրցանակների, այդ թվում՝ 70-ը՝ առաջին մրցանակի։ Նրա էտյուդները առանձնանում էին ինքնատիպությամբ, և դրանցից շատերը դարձել են ժանրի դասականներ։ Կասպարյանը վեց անգամ հաղթել է ԽՍՀՄ շախմատային կոմպոզիցիայի առաջնություններում՝ էտյուդների բաժնում։
1956 թվականին նա ստացել է շախմատային կոմպոզիցիայի միջազգային արբիտրի կոչում, իսկ 1972-ին դարձել է պատմության մեջ առաջին շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստեր, որն արժանացել է այդ տիտղոսին FIDE-ի կողմից։
Կասպարյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ նվիրված շախմատային էտյուդի պատմությանը և տեսությանը։ Նրա աշխատությունները մեծապես նպաստել են շախմատային կոմպոզիցիայի տարածմանը։ Շախմատի զարգացման գործում ունեցած ներդրման համար նա արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզչի (1956 թ.) և Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի (1968 թ.) կոչումներին։