Փաշինյանը փորձում է ԵՄ աջակցությամբ պահպանել իր խարխուլ վարկանիշը․ Պյոտր Կոլչին

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Երևանը Բրյուսելից խնդրել է «օպերատիվ արձագանքման խումբ»՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։

«Նման տվյալների հրապարակումն ինքնին վկայում է բավական կեղտոտ կուլիսային խաղի մասին։ Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է ստանալ եվրոպացիների աջակցությունը։ Քննադատների կարծիքով, ԵՄ-ն արդեն իսկ ունի ընտրական գործընթացներին միջամտելու և կեղծիքների փորձ. անցյալ տարի Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունները հաճախ օրինակ են բերվում։ Ամենայն հավանականությամբ, Բրյուսելը կարող է Երևանին տրամադրել գործիքների մի ամբողջ զինանոց՝ ներառյալ սոցիալական ցանցերում ընդդիմախոսների սահմանափակումները, եվրոպական լրատվամիջոցներում ագրեսիվ քարոզչությունը, տարբեր տեղեկատվական վարկածների ու կեղծ լուրերի տարածումը, հնարավոր են նաև կիբերհարձակումներ։

Այս ամենը, նման վարկածի կողմնակիցների կարծիքով, արվում է վարչապետի առանց այն էլ խարխուլ վարկանիշը պահպանելու համար։ Խոսքը վերաբերում է արդեն փորձարկված սխեմային՝ ընտրությունների մանիպուլյացիաներին, տեղեկատվական ճնշմանը և այլախոհներին ճնշելուն», -ասել է Կոլչինը։

Փորձագետի կարծիքով՝ նման տեղեկատվական արշավը կարող է վկայել այն մասին, որ Փաշինյանն այլևս չի ակնկալում հաջողության հասնել ազնիվ ճանապարհով։

«Քննադատների կարծիքով՝ կիրառվում է ճնշում, հարկադրանք և իրական արդյունքների փոխարեն ստեղծվում է գեղեցիկ տեղեկատվական պատկեր։ Ըստ ամենայնի, հենց այս սցենարով էլ նա մտադիր է անցկացնել երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները», — նշել է Կոլչինը։