Պրոդյուսեր, մանկավարժ․ Ջորջ Ավագյան
15 Մարտի 2026, 21:00
Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թվականի մարտի 15-ին Արմավիրում հայ գաղթականների ընտանիքում: 1923 թվականին նրա ծնողները գաղթել են ԱՄՆ և հաստատվել Նյու Յորքում, որը դարձել է ջազային մշակույթի կենտրոն և կանխորոշել Ավագյանի հետագա ուղին:
Դեռ երիտասարդ տարիքում Ավագյանն արտասովոր հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության և ձայնագրման նկատմամբ, իսկ Յեյլի համալսարանում ստացած կրթությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զինվորական ծառայությունն ամրապնդել են այն կարգապահությունն ու նպատակասլացությունը, որոնք հետագայում բնորոշել են նրա կարիերան:
Հետպատերազմյան տարիներին նա սկսել է աշխատել «Columbia Records»-ում և շուտով դարձել է իր ժամանակի ամենաազդեցիկ երաժշտական պրոդյուսերներից մեկը: Հենց Ավագյանն է առանցքային դեր խաղացել LP ձևաչափի ներդրման գործում, ինչը թույլ է տվել ունկնդիրներին վայելել ամբողջական ալբոմներ, այլ ոչ թե առանձին երգեր: Նա առաջինն էր, որ ստեղծեց ջազային ձայնագրությունների համակարգված վերաթողարկումներ՝ լայն հանրության համար բացահայտելով Լուի Արմսթրոնգի, Դյուկ Էլինգթոնի և այլ մեծանուն երաժիշտների ժառանգությունը: Նրա աշխատանքը Մայլզ Դևիսի և Դեյվ Բրուբեկի հետ դարձել է նշանակալի. Ավագյանը կարողանում էր տեսնել երաժիշտների ներուժը և օգնում էր նրանց բացահայտվել ստուդիայում:
Սակայն նրա ավանդը դուրս էր պրոդյուսերական գործունեության սահմաններից: Ավագյանը ալբոմը դիտարկում էր որպես գեղարվեստական ստեղծագործություն, հեղինակում էր ծանոթագրություններ և մեկնաբանություններ՝ ձայնապնակը վերածելով մշակութային արտեֆակտի: Նա ոչ միայն պրոդյուսեր էր, այլև մանկավարժ ու քննադատ, ով ձգտում էր ջազը դարձնել հասկանալի և հասանելի:
Ավագյանի անձնական կյանքը նույնպես կապված էր երաժշտության հետ. նրա կինը՝ Անահիտ Աճեմյանը, ջութակահար էր, և նրանք միասին ստեղծել էին մի մթնոլորտ, որտեղ արվեստն առօրյայի մաս էր կազմում: 2010 թվականին նա արժանացավ ջազի ոլորտում ԱՄՆ-ի բարձրագույն պետական պարգևին՝ «NEA Jazz Masters Fellowship»-ին, ինչը նրա բազմամյա աշխատանքի և ազդեցության ճանաչումն էր: