Բժշկությունը փոխած գյուտարարը. Ռեյմոնդ Դամադյան

16 Մարտի 2026, 22:00

Հայեր

Ռեյմոնդ Դամադյանը ամերիկահայ ականավոր բժիշկ, գիտնական և գյուտարար է, ում բացահայտումներն ընդմիշտ փոխել են բժշկությունը: Նա ծնվել է 1936 թվականի մարտի 16-ին Նյու Յորքում՝ հայ գաղթականների ընտանիքում: Մանկության տարիներին ջութակ նվագել է սովորել է Ջուլիարդի դպրոցում և նույնիսկ արժանացել է Ֆորդի հիմնադրամի կրթաթոշակին: Սակայն նրա ուղին կապված էր ոչ թե երաժշտության, այլ գիտության հետ:

Վիսկոնսինի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում, այնուհետև Հարվարդում զբաղվել է կենսաֆիզիկայով:

1960-ականների Դամադյանը սկսել է հետազոտել կենդանի բջիջներում գործընթացները՝ ուսումնասիրելով նատրիումի և կալիումի դերը: Այս աշխատանքները հանգեցրել են հիվանդությունների ախտորոշման նպատակով միջուկային մագնիսական ռեզոնանսի կիրառման գաղափարի ծնմանը: 1969 թվականին նա առաջին անգամ առաջարկել է ամբողջ մարմնի սկանավորման սարքի հայեցակարգը, իսկ 1977 թվականին կառուցել է ՄՌՏ առաջին լիաչափ սարքը, որն անվանվել է «Indomitable»: Հենց դրա միջոցով ստացվել են մարդու օրգանիզմի առաջին պատկերները, որոնք ապացուցել են, որ ուռուցքները կարելի է տարբերակել առողջ հյուսվածքներից: Սա հեղափոխություն էր բժշկության մեջ. բժիշկները հնարավորություն ստացան տեսնել ներքին օրգանները՝ առանց վիրահատական միջամտության:

Դամադյանն աշխատել է որպես պրոֆեսոր Նյու Յորքի պետական համալսարանում և հիմնադրել է «Fonar Corporation» ընկերությունը, որն արտադրում էր առաջին առևտրային ՄՌՏ սկաներները: Նրա ձեռքբերումները նշանավորվել են բազմաթիվ պարգևներով՝ ԱՄՆ Տեխնոլոգիաների ազգային մեդալով, Գյուտարարների ազգային փառքի սրահում ընդգրկմամբ, Lemelson–MIT մրցանակով և այլն: Նա ոչ միայն գիտնական էր, այլև խորը հավատքի տեր մարդ, ով համատեղում էր գիտական բացահայտումները քրիստոնեական համոզմունքների հետ:

Ռեյմոնդ Դամադյանը մահացել է 2022 թվականի օգոստոսի 3-ին 86 տարեկան հասակում՝ թողնելով ժառանգություն, որը փրկել է միլիոնավոր կյանքեր: Նրան անվանում են «ՄՌՏ-ի հայր», և այս կոչումն արտացոլում է նրա ներդրման մասշտաբը. նա մարդկությանը նվիրեց անտեսանելին տեսնելու հնարավորություն՝ ախտորոշումը վերածելով ճշգրիտ և անվտանգ գիտության: Նրա կյանքն օրինակ է այն բանի, թե ինչպես համառությունը, տաղանդը և հավատքը կարող են փոխել աշխարհը: