12-ամյա Ալբերտ Արմենակյանի «Դլե յաման» երգը գերել է Փարիզի անցորդներին
17 Մարտի 2026, 19:20
Փարիզի փողոցներից մեկում օրեր առաջ հնչել է հայկական «Դլե յաման» երգը․ 12-ամյա Ալբերտ Արմենակյանը, միանալով ֆրանսիացի երաժիշտներ Ռաֆայել Ֆրուասարին և Շառլ Գոգենին, իր կատարումով գերել է անցորդներին։
Տեսահոլովակը տարածվել է սոցիալական ցանցերում և դարձել վիրուսային՝ արժանանալով բազմաթիվ հավանումների ու հիացական մեկնաբանությունների։
Հիշեցնենք, որ Ալբերտ Արմենակյանը 2025 թվականի դեկտեմբերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը։ Նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ կատարելով «Brave Heart» երգը, որը դարձել է մրցույթի յութուբյան պաշտոնական ալիքի ամենադիտված հոլովակը։
2025 թվականի աշնանը Ալբերտը նաև մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» (The Voice Kids) նախագծին, որտեղ ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։ Այս նախագծում Ալբերտի «Դլե Յաման» երգի կատարումը հուզել է թե՛ հանդիսատեսին, թե՛ ժյուրիի անդամներին, իսկ Պատրիկ Ֆիորին առանձնապես հուզական է արձագանքել նրա ելույթին։
«Դլե յամանը» հայկական ժողովրդական երգ է, որը պատմում է ողբերգական սիրո մասին։ Հետագայում այն ասոցացվել է Հայոց ցեղասպանության հիշողության հետ։ Երգն առաջին անգամ ձայնագրել է Կոմիտասը Հայաստանում իր ճանապարհորդության ժամանակ։ Նրան է պատկանում նաև դաշնամուրային առաջին մշակումը։