Երկու միլիոն՝ մեկ բառի համար. իշխանությանը քննադատելու նոր սակագինը․ «Ուշադրությունից դուրս»
22 Մարտի 2026, 14:00
Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որի ընդունման դեպքում նախատեսվում է կիրառել տուգանքներ կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ ատելության խոսքի այն դրսևորումների համար, որոնք մինչ այժմ դուրս էին մնացել Քրեական օրենսգրքի կարգավորումներից։
Ըստ նախագծի՝ ատելության խոսք կամ վարքագիծ կհամարվի այն հրապարակային խոսքը, նյութը կամ վարքագիծը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ իրենց որոշ հատկանիշների պատճառով․
— սեռ, ռասա, մաշկի գույն, էթնիկ կամ սոցիալական ծագում,
— կրոն, աշխարհայացք, քաղաքական կամ այլ հայացքներ,
— հաշմանդամություն, տարիք, լեզու, գենետիկական հատկանիշներ,
— ազգային փոքրամասնությանը պատկանելություն, գույքային վիճակ, ծնունդ և այլն:
Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կկարողանան դիմել դատարան: Պատժի նվազագույն շեմ է սահմանված 1 միլիոն, իսկ առավելագույնը՝ 2 միլիոն դրամը։ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն, որն առաջիկայում կարող է համատեղվել նաև քաղաքացիական պատասխանատվության այս միջոցներով։
Եթե ատելության խոսքի մասով կան քիչ թե շատ հասկանալի և ձևակերպված ցուցիչներ, ապա նույնը չի կարելի ասել «ատելության վարքագծի» մասին։ Փաստաբանների գնահատմամբ՝ դժվար է ասել, թե այդ վարքագիծն ինչ դրսևորումներով է տարբերակվելու։
«Ալֆանյուզի» հետ զրույցում փաստաբան Լուսինե Վիրաբյանը նշել է, որ դատարան դիմելուց հետո հայցվորը պետք է ապացուցի, որ իր հասցեին հնչած խոսքը վիրավորական է եղել։ Փաստաբանն ընդգծել է, որ գործող օրենքով ատելության խոսքի վերաբերյալ ներկայումս տասնյակ հայցեր կան, որոնք ամիսներով քննվում են դատարաններում։ Վիրաբյանի դիտարկմամբ՝ այս ինստիտուտը Հայաստանում չի կայացել, իսկ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի սահմանափակել ազատ խոսքը։
Հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը մտահոգություն է հայտնել, թե «ով է քննելու ատելության խոսքի դեմ գործերը, արդյոք դրանք չեն մակագրվի իշխանության կամքը կատարող դատավորներին»։ Հոխիկյանը հիշեցրել է դատավորի կողմից իշխանության կամքը կատարելու ամենավառ օրինակներից մեկը, երբ դատավորը, ակնհայտորեն շրջանցելով Սահմանադրությունը, քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։