Ռուսաստանն ուզում է ստանալ հստակ պատասխան, թե ուր է գնում Հայաստանը ․ Բորիս Ռոժին
15 Մայիսի 2026, 22:30
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շրջանակներում ունեցած արտոնությունները։ Նա խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ընթացքի, Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի սահմանափակումների վերացման մասին։
«Մենք դա տեսնում ենք մի շարք քայլերի միջոցով՝ կապված թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ աշխարհաքաղաքական դասավորությունների հետ։ Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների և Զելենսկու այցերը Հայաստան բավական խոսուն էին։Ռուսաստանը զգուշացնում է, որ եթե այդ կուրսը շարունակվի, որը նպատակ ունի Հայաստանը վերածել Բալթյան երկրների կամ Մոլդովայի և Ուկրաինայի նման մի երկրի, ապա Ռուսաստանն այլևս պատճառ չի ունենա պահպանելու որևէ տնտեսական արտոնություն Հայաստանի համար։
Եթե Հայաստանը ցանկանում է, կարող է այդ արտոնությունները խնդրել Արևմուտքից։ Համապատասխանաբար կփոխվեն նաև էներգակիրների գները, ինչն անմիջապես կազդի Հայաստանում ամեն ինչի արժեքի վրա, ինչպես նաև կլինեն այլ տնտեսական հետևանքներ, քանի որ Հայաստանը օբյեկտիվորեն կախված է Ռուսաստանից։ Երկու աթոռի վրա նստել չի ստացվի։ Փաշինյանը գաղափարապես, իհարկե, շարժվում է դեպի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լիակատար խզման։ Պարզապես տնտեսական կախվածությունն է դժվարացնում այդ քայլերը»,- ասել է Ռոժինը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է հստակ հասկանալ, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվում։
«Եթե Հայաստանը ցանկանում է շարժվել դեպի Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ օգտվել ՌԴ տնտեսական աջակցությունից, ապա, բնականաբար, Ռուսաստանը պատճառ չի տեսնում աջակցելու հայկական տնտեսությանը։ Ռուսաստանը ցանկանում է ստանալ հստակ պատասխան՝ դեպի ուր է գնում Հայաստանը։ Եթե Երևանը շարժվում է դեպի ԵՄ, ապա տնտեսական արտոնությունների ծրագրերը կսկսեն աստիճանաբար դադարեցվել։
Իհարկե, Հայաստանում ԵՄ-ի հարցով հանրաքվե չեն անցկացնի, որովհետև ներկայիս պայմաններում նման հանրաքվեն ակնհայտորեն մեծամասնության աջակցություն չի ստանա և ժողովրդի կարծիքը պարզելու բոլոր փորձերը ձևական բնույթ են կրում։ Ժողովրդին ոչ ոք չի հարցնելու։ Եթե Եվրոպայում որոշեն այս կամ այն երկիրը ներգրավել ԵՄ, ապա աշխատելու են հենց էլիտաների հետ։ Իսկ նրանք, ովքեր դեռ չեն կարող բացահայտ հակառուսական դիրքորոշում որդեգրել, կշարժվեն աստիճանաբար՝ հնարավորինս երկար ժամանակ պահպանելով տնտեսական արտոնությունները։ Մոսկվայում սա հասկանում են, և հենց այդ պատճառով էլ Հայաստանից պահանջում են հստակ պատասխան»,- նշել է Ռոժինը։
Խոսելով Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի սահմանափակումների վերացման մասին՝ փորձագետն ասել է, որ դա կարող է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։
«Դա կարող է խարխլել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, որովհետև ակնհայտ է, որ այսօր հենց Ռուսաստանն ունի գերիշխող տնտեսական ազդեցություն Հայաստանում, իսկ Թուրքիայի միջոցով այդ ազդեցությունը կարելի է աստիճանաբար թուլացնել։ Թուրքիան արդեն բավական ամուր դիրքեր ունի Հարավային Կովկասում, ինչը լավ երևում է Վրաստանի օրինակից։ Հետևաբար, որևէ պատճառ չկա, թե ինչու թուրքական տնտեսությունը, հարաբերությունների հետագա կարգավորման պայմաններում, չփորձի կլանել օբյեկտիվորեն ավելի թույլ հայկական տնտեսությունը։ Նախկինում դա սահմանափակվում էր Ռուսաստանի ազդեցությամբ։ Այժմ այդ ազդեցությունը, Փաշինյանի շնորհիվ, լուրջ կասկածի տակ է դրվել։ Ուստի ինչո՞ւ Թուրքիան չփորձի ստանալ իր տնտեսական բաժինը։
ԱՄՆ-ի հետաքրքրությունն այստեղ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու մեջ է։ Սա տարածաշրջանում ամրապնդվելու քաղաքականության մի մասն է՝ կապված «Թրամփի ուղու» հետ։ Այժմ այդ նախագիծը որոշ չափով կանգ է առել Իրանի դեմ անհաջող պատերազմի պատճառով, սակայն, իհարկե, դրանից ոչ ոք չի հրաժարվել։ Այդ նախագիծը շարունակելու են առաջ մղել։ Սակայն շատ բան կախված կլինի Իրանի հետ հետագա հակամարտության զարգացումից, որովհետև Թեհրանը կարող է այս կամ այն կերպ հակազդել այդ նախագծին»,- եզրափակել է Ռոժինը։