Թուրքիայի ԱԳ նախարարը «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարևոր քայլ է անվանել

21 Ապրիլի 2026, 12:50

Քաղաքականություն

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, խոսելով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն՝ այն անվանելով «դիվանագիտական մոդել»։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում համաձայնեցված խաղաղության պայմանագրին հասնելու համար մնացել է կատարել ևս մեկ-երկու քայլ։

«Մենք տեսնում ենք, որ երկու կողմերն էլ անկեղծ են։ Խաղաղության պայմանագիրը, որը կկնքվի Ադրբեջանի կողմից, ճանապարհ կհարթի տարածաշրջանի ժողովուրդների համար կարևոր կայունության հաստատման համար։

Վերջնական համաձայնագրի ստորագրմամբ,հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ կանխատեսվում են շատ լուրջ արդյունքներ տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտներում։ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար շատ կարևոր է տարածաշրջանային կապերի ամրապնդման տեսանկյունից։

Այս հարցով մենք սերտ կապի մեջ ենք Եվրամիության հետ։ Հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, տարածաշրջանում տեղի կունենան մեծ և դրական զարգացումներ»,- ասել է Ֆիդանը։