Փաշինյանի իշխանության պահպանման դեպքում կշարունակվի Հայաստանի աստիճանական հեռացումը ՌԴ-ից․ Բորիս Ռոժին
22 Ապրիլի 2026, 23:20
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունը, «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում նախընտրական քարոզարշավը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարին՝ փորձագետը նշել է, որ կողմերից յուրաքանչյուրը համոզված է՝ հաղթում է և իրավունք ունի թելադրելու իր պայմանները։
«Հրադադարի երկարաձգման հնարավորության մասին ավելի վաղ խոսվում էր․ լուրջ միջնորդական ջանքեր են գործադրվում՝ պատերազմական երկրորդ փուլը կանխելու համար։ Այդ հրապարակային միջնորդներից մեկը Պակիստանն է, ինչպես նաև ֆելդմարշալ Մունիրը, որը անմիջական կապի մեջ է թե՛ Թրամփի վարչակազմի, թե՛ Իրանի ղեկավարության հետ։
Իրանն արդեն հասկացրել է, որ չի պատրաստվում բովանդակային բանակցությունների գնալ, քանի դեռ շարունակվում է Իրանի շրջափակումը՝ նկատի ունենալով ծովային նավահանգիստների շրջափակումը։ Այժմ մենք տեսնում ենք փոխադարձ պայմանական ծովային շրջափակում։ Այս ամենն, ըստ էության, հանգեցնելու է նրան, որ կողմերը դժվար թե կարողանան հասնել որևէ փոխզիջման, քանի որ երկուսն էլ կարծում են, թե հաղթում են այս պատերազմում և իրավունք ունեն թելադրելու իրենց պայմանները»,- հայտարարել է Ռոժինը։
Փորձագետի գնահատմամբ՝ Փաշինյանի իշխանության պահպանման դեպքում կշարունակվի Հայաստանի աստիճանական հեռացման քաղաքականությունը Ռուսաստանից։
«Փաշինյանին ակտիվորեն աջակցում է Արևմուտքը։ Նրա իշխանության պահպանման դեպքում մտադիր են շարունակել Հայաստանի աստիճանական հեռացման քաղաքականությունը Ռուսաստանից։ Անկասկած, Փաշինյանի հաղթանակը ճանապարհ է հարթում Հայաստանում ռուսական ազդեցության հետագա նվազեցման, տնտեսական պայմանավորվածությունների աստիճանական վերանայման համար։ Ավելի երկարաժամկետ հեռանկարում դա նշանակում է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից, ինչպես նաև բարձրացնել Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը։ Դա միանգամից և արագ իրականացնելը դժվար է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են։ Փաշինյանի ներկայիս քաղաքական կուրսը Հայաստանին ոչ մի լավ բան չի բերելու, առավել հավանական է, որ դեռ այլ տխուր իրադարձություններ էլ կլինեն»,- եզրափակել է Ռոժինը։