Արցախից մինչև ավիացիայի մարշալ․ Սերգեյ Խուդյակովի ուղին

25 Ապրիլի 2026, 21:30

Հայեր

Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովը (իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց) խորհրդային զորահրամանատար էր, ավիացիայի մարշալ, խորհրդային ռազմաօդային ուժերի հիմնադիրներից մեկը։

Արմենակ Խանփերյանցը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 26-ին Շուշիի Մեծ Թաղեր գյուղում։ Վաղ հասակում կորցնելով հորը՝ նա երիտասարդ տարիքից աշխատել է Բաքվի նավթահանքերում։ 1918 թվականին միացել է Կարմիր բանակին, որտեղ աչքի է ընկել որպես խիզախ և նախաձեռնող հրամանատար։ Այդ շրջանում նա վերցրել է զոհված ընկերոջ՝ Սերգեյ Խուդյակովի անունը, որով էլ մտել է պատմության մեջ։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Խուդյակովը մասնակցել է Ցարիցինի համար մղվող մարտերին, Անդրկովկասյան ճակատում ղեկավարել է հեծելազորային ջոկատը։ 1920-ական թվականներից սկսել է աշխատել ավիացիայում, որտեղ կազմակերպչական տաղանդի և անձնական խիզախության շնորհիվ արագ առաջընթաց է գրանցել։ 1930-ականներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ռազմաօդային ուժերում, իսկ 1941 թվականին գլխավորել է Արևմտյան ճակատի ռազմաօդային ուժերը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա եղել է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատարը, իսկ 1943 թվականի գարնանը գեներալ-գնդապետ Խանփերյանցը նշանակվել է խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ Նա մասնակցել է առանցքային ճակատամարտերի, այդ թվում՝ Մոսկվայի և Կուրսկի ճակատամարտին։ 1944 թվականին նրան շնորհվել է ավիացիայի մարշալի կոչում։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Առաջին մերձբալթյան ռազմաճակատը։ Խանփերյանցը համարվում էր Ստալինի մերձավոր շրջապատի անդամ, նրան նաև ուղեկցել է Թեհրանի համաժողովի ժամանակ։

Սակայն պատերազմից հետո Խուդյակովի ճակատագիրը ողբերգական ընթացք ունեցավ։ 1945 թվականին նա ձերբակալվել է՝ լրտեսության և օտարերկրյա հետախուզությունների հետ կապերի մեղադրանքով։ Քննությունը տևել է մի քանի տարի․ հինգ տարի անց՝ 1950 թվականին նրան գնդակահարել են Մոսկվայում։ Արմենակ Խանփերյանցը հետմահու արդարացվել է միայն 1956 թվականին։

Իր ծառայության ընթացքում նա պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով՝ Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով (երկու անգամ), Սուվորովի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր դրոշի շքանշանով և այլ պարգևներով։

Արմենակ Խանփերյանցի անունը հավերժ մնացել է Ռուսաստանի և Հայաստանի ռազմական պատմության էջերում՝ որպես խորհրդային ռազմաօդային ուժերի ստեղծման ակունքներում կանգնած գործիչ։