Ադրբեջանը դառնում է հակառուսական ֆորպոստ տարածաշրջանում. Սեմյոն Ուրալով
27 Ապրիլի 2026, 21:30
Քաղաքագետ Սեմյոն Ուրալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը տարածաշրջանում աստիճանաբար դառնում է Իսրայելի անալոգը։
«Ալիևը ցուցադրում է իր ընտրությունը։ Դա ընտրություն է հօգուտ Իսրայել-ԱՄՆ դաշինքի տարածաշրջանում և միաժամանակ ցույց է տալիս, որ ինքը տարածաշրջանի առաջնորդն է։ Այդ պատճառով Զելենսկու այցն, իհարկե, մեծապես ցուցադրական բնույթ ունի։ Այն բանից հետո, երբ Բաքուն գնաց հարաբերությունների խզման և փաստացի մասնակցության հակաիրանական կոալիցիային, այն գործընթացների շարունակությունն է, որոնց արդյունքում հետխորհրդային հանրապետությունները վերջնականապես վերածվում են այն բանի, ինչի համար նախատեսված էին դեռևս իննսունականների սկզբին՝ հակառուսական ֆորպոստի։ Այսինքն՝ Իսրայելի նմանակը։ Մասնավորապես՝ Ադրբեջանը տարածաշրջանում դառնում է Իսրայելի նմանակը՝ մի երկիր, որն այս կամ այն կերպ մասնակցելու է բոլոր արկածախնդիր գործողություններին և պատերազմներին», -ասել է Ուրալովը։
Փորձագետի կարծիքով՝ Ալիևի նման քայլերն արդեն անդրադառնում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։
«Սա արդեն ազդում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, որոնք ինչ-որ պատճառով մեզ մոտ ոմանք համարում էին առանձնահատուկ, մինչդեռ Ադրբեջանը չի ընդգրկվում որևէ դաշինքի կամ միության մեջ։ Հետևաբար զարմանալի է, թե ինչու է մինչ այժմ պահպանվում առանց վիզայի ռեժիմը, և դրանք ինչ «առանձնահատուկ հարաբերություններ» են»,- եզրափակել է Ուրալովը։