Արա Դարզի․ Միջազգային ճանաչում ունեցող հայ վիրաբույժը
07 Մայիսի 2026, 22:30
Արա Դարզին (Թերզյան) ծնվել է 1960 թվականի մայիսի 7-ին Բաղդադում՝ ցեղասպանությունը փրկված հայերի ընտանիքում։ Նրա տատն ու մեծ տատը հրաշքով փրկվել էին՝ Էրզրումից ոտքով հասնելով հյուսիսային Իրաք։ Մանկուց Դարզին ազատ խոսել է հայերեն, երգել է եկեղեցական արարողություններին։
1970-ականների վերջին ընտանիքն արտագաղթել է Իրաքից, և 17 տարեկանում նա տեղափոխվել է Իռլանդիա, որտեղ ընդունվել է Վիրաբույժների թագավորական քոլեջ։ 1984 թվականին ստացել է բակալավրի աստիճան, ապա դոկտորի աստիճան՝ Դուբլինի Թրինիթի քոլեջում։
1990 թվականին Արա Դարզին տեղափոխվել է Անգլիա, որտեղ շարունակել է իր կարիերան։ 1991 թվականին դարձել է Կենտրոնական Միդլսեքսի հիվանդանոցի խորհրդատու վիրաբույժ, իսկ 1994 թվականին սկսել է աշխատել Սուրբ Մարիայի հիվանդանոց։ Նա դարձել է առաջին վիրաբույժը, ով Մեծ Բրիտանիայում իրականացրել է ռոբոտացված վիրահատություն և դարձել լապարոսկոպիկ վիրաբուժության առաջամարտիկներից մեկը։
Դարզին հրապարակել է ավելի քան 950 գիտական հոդված, դարձել է Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության և ռոբոտացված տեխնոլոգիաների առաջատար մասնագետ։ 2013 թվականին ընտրվել է Թագավորական ընկերության անդամ, ինչպես նաև դարձել է Թագավորական ինժեներական ակադեմիայի և Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
2002 թ. բշժկության ոլորտում առանձնակի հաջողությունների հասնելու համար թագուհի Եղիսաբեթ II-ը Դարզիին շնորհել է Բրիտանական Կայսրության պատվավոր Ասպետի կոչում, իսկ 2007 թվականին Միացյալ Թագավորության Լորդերի պալատում նա ներկայացվել է որպես պրոֆեսոր, Դենհեմի լորդ Դարզի:
Արա Դարզին ակտիվորեն աջակցել է հայկական բժշկությանը․ վիրահատություններ է իրականացրել Երևանում, հիվանդանոցներին սարքավորումներ է տրամադրել, կազմակերպել է բժիշկների վերապատրաստում Լոնդոնում։ 2016 թվականին նա կոչ էր արել Հայաստանի իշխանություններին մշակել զարգացման նոր ռազմավարություններ, իսկ 2019 թվականին հրապարակայնորեն դատապարտել էր բրիտանական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը։
Ի դեպ, վիրաբույժը մի կանոն ունի, որը չի խախտում. նա ընտանիքի անդամների հետ խոսում է միայն հայերեն։
Արա Դարզին համարվում է աշխարհի լավագույն վիրաբույժներից մեկը, առողջապահության բարեփոխիչ և նորարար, որի գաղափարները փոխել են վիրաբուժության և բժշկական քաղաքականության նկատմամբ մոտեցումները։