Հայաստանի ինտեգրումը Արևմուտքի հետ մտնում է վճռորոշ փուլ․ Մովսես Ղազարյան
09 Մայիսի 2026, 20:15
Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Երևանում մի քանի օր առաջ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ներկայացրել դրա արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունները։
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Երևանում մի քանի օր առաջ, իսկապես խորհրդանշական է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական միության համար։ Նախ, ԵՄ-ի համար սա Հարավային Կովկասի ուղղությամբ իր ակտիվության աշխարհաքաղաքական ընդգծումն է՝ որպես արևմտյան համայնքի կարևոր սուբյեկտի, քանի որ Հարավային Կովկասը բազմաթիվ հաղորդակցային և լոգիստիկ նախագծերի հատման կետ է, որոնց նպատակը Միջին Ասիայից և Մերձավոր Արևելքից ռեսուրսների մատակարարումն է դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։
Սա այն ուղղություններից մեկն է, որը բավականին ընդգծվել է գագաթնաժողովի շրջանակում, քանի որ որոշ հաղորդակցային նախագծեր, օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, TRIPP նախագիծը, դեռ չեն միավորվում մեկ ընդհանուր համակարգում, սակայն տեղի է ունենում տարբեր հաղորդակցային և լոգիստիկ նախաձեռնությունների շահերի որոշակի համաձայնեցում։
Մենք նաև տեսնում ենք, որ այս գագաթնաժողովի շրջանակում սկսվում է հետխորհրդային տարածքի առավել ակտիվ ներգրավումը արևմտյան քաղաքական և տնտեսական գործընթացներում։ Սա վերաբերում է ԵՄ-ի շահերին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսնում ենք, որ վճռորոշ փուլ է մտնում Հայաստանի ինտեգրումը արևմտյան համայնքի հետ, կամ Հայաստանի ինտեգրումը՝ որպես արևմտյան համայնքի գործընկեր Հարավային Կովկասում։ Նիկոլ Փաշինյանի համար սա ենթադրում էր նաև եվրոպացի և ընդհանուր առմամբ արևմտյան առաջնորդների որոշակի աջակցություն։ Իհարկե, այս ամենը նրան անհրաժեշտ էր ընտրությունների շրջանում։
Թե որքանով է դա համապատասխանում Հայաստանի շահերին, մեղմ ասած, քննարկման առարկա է։ Սակայն ակնհայտ է, որ գագաթնաժողովի ընթացքում շեշտադրված որոշ ուղղություններ լիովին չեն համապատասխանում թե՛ Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, թե՛ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության շահերին»,- նշել է Մովսես Ղազարյանը։