Թշնամիներին ցրող «մրրիկը»․ Թուման Թումյան
11 Մայիսի 2026, 22:00
Թուման Թումյանը (Թորգոմ) հայ ազգային-ազատագրական շարժման ակնառու գործիչներից է, որն իր կյանքը նվիրել է Հայաստանի ազատության և անկախության պայքարին։ Նրա գործունեությունը ներառում էր մարտական խմբերի կազմակերպում, ազատագրական գաղափարների տարածում և մասնակցություն զինված բախումներին։
Թուման Թումյանը ծնվել է 1879 թվականի մայիսի 11-ին Շուշիում։ 1897 թվականին ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան։ Նրա դասընկերներն էին Գարեգին Նժդեհը և այլ հայտնի ֆիդայիներ։ Դպրոցական տարիներից նա դրսևորել է առաջնորդական հատկանիշներ՝ տարածելով ազգային-ազատագրական շարժման գաղափարներն աշակերտների և քաղաքի բնակիչների շրջանում։ Ավելի ուշ նա ուսումը շարունակել է Մոսկվայում, իսկ վերադարձից հետո սկսել է հրատարակել «Կոկոն» թերթը, որն ազատագրական գաղափարներ էր տարածում հայության շրջանում։
Այնուհետև Թումյանը զորակոչվել է ռուսական բանակ, որտեղ հասել է ենթասպայի աստիճանի։ 1901 թվականին նա շարունակել է ծառայությունն Ալեքսանդրապոլում, սակայն շուտով թողել է այն։ Նա ընդգրկվել է «Դաշնակցություն» կուսակցության կազմում և զբաղվել ակտիվ գործունեությամբ։ Մասնավորապես՝ Կարսում նա զբաղվել է զինված խմբերի կազմակերպմամբ, զենքի և զինամթերքի տեղափոխմամբ։
Թումյանը ստեղծել է «Մրրիկ» մարտական խումբը, որը 1903 թվականին հասել է Սասուն և ներգրավվել ազատագրական պայքարի մեջ։ 1904 թվականին նա կազմավորել է «Որսկան» խումբը, որի նպատակն էր աջակցել Սասունի ապստամբությանը՝ շեղելով սահմանին գտնվող թուրքական ուժերի ուշադրությունը։
1904 թվականի հուլիսի 2-ին Թումյանի ջոկատը բախվել է թուրքական զորքերի հետ Օլթիի շրջանում։ Վճռական պահին ռուս սահմանապահները հարվածել են ֆիդայիներին թիկունքից։ Թումյանը հրամայել է չկրակել՝ հույս ունենալով խաղաղ լուծման, սակայն գնդապետ Բրիկովի հրամանով ջոկատը ենթարկվել է կրակահերթի։ Թումյանը զոհվել է իր մարտական ընկերների հետ միասին։
Թուման Թումյանը վառ հետք է թողել հայ ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ։ Նրա գործունեությունը ոգեշնչել է ժամանակակիցներին, իսկ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը նրան նվիրել է «Որսկան ախպեր» բանաստեղծությունը։ Թումյանը պատմության մեջ մտել է որպես Հայաստանի մեծ մարտիկներից մեկը, որի կյանքն ու մահը դարձել են ժողովրդի ազատագրական պայքարի մաս։