ՌԴ-ն Հայաստանին տվել է բոլոր պարզաբանումները ՀԿԵ-ի կոնցեսիայի վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ
12 Մայիսի 2026, 12:20
Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիայի վերաբերյալ մտահոգող բոլոր հարցերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այս թեման մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների ժամանակ։ Տրվել են պարզաբանումներ հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- նշել է դիվանագետը։
Միխայիլ Կալուգինն ընդգծել է, որ Մոսկվայում «արձանագրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունում մտադիր չեն կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկել «Ռուսաստանի թիկունքում»»։
«Չենք կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը՝ մենք համոզված ենք, որ այն ստեղծում է այդ առավելությունները»,- նշել է Կալուգինը։
Նրա կարծիքով՝ «եթե չլիներ կոնցեսիայի շրջանակում երկաթուղային ցանցի վերականգնման և գործունակության պահպանման ուղղությամբ ռուսական կողմի հետևողական աշխատանքն, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների «վերագործարկման» գործընթացում Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են շուրջ 30 միլիարդ ռուբլի։ Բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 միլիարդ ռուբլի, իսկ ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի արդիականացմանը։
«Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան-Գյումրի երթուղու համար, անձամբ փորձարկել է վարչապետը՝ հայկական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ միասին»,- նշել է Կալուգինը։
Ըստ նրա՝ երկաթուղին շարունակում է մնալ հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։
«Մեր կողմից տեսնում ենք փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, որի գրավականներից մեկը հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է ռուսաստանցի մասնագետների կողմից»,- նշել է է Կալուգինը։