Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է YouTube-ի մոնետիզացիան
14 Մայիսի 2026, 16:40
YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։
YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։
Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով: