Եթե Հայաստանը ցանկանում է բաժանել իր ճակատագիրը Ռուսաստանից, դա պետք է լինի ժողովրդի ազնիվ ընտրությունը․ Իվան Սաֆրանչուկ

15 Մայիսի 2026, 23:30

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Իվան Սաֆրանչուկը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին, ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության շահավետությանը և Հայաստանի ներկայիս իշխանությունների եվրաինտեգրման մասին հայտարարություններին։

«Ռուսաստանը հակված է իր գործընկերների հետ ունենալ հստակ հարաբերություններ։ Դա դրսևորվում է թե՛ ամերիկացիների հետ բանակցություններում, թե՛ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Նախագահը վերջերս ասել է՝ եթե նրանք ցանկանում են հրաժարվել էներգետիկ համագործակցությունից, ապա ինչո՞ւ պետք է մենք սպասենք ևս մի քանի տարի։ Թող անմիջապես հստակեցնեն իրենց դիրքորոշումը։ Եթե որևէ մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես ժամանակավոր երևույթ և ձգտում է դրանք հասցնել զրոյի, ապա մենք ևս պետք է հիմա հստակություն մտցնենք։ Մենք գործելու ենք այն ժամանակացույցով, որը հարմար է մեզ, այլ ոչ թե նրանց»,- նշել է փորձագետը։

Սաֆրանչուկի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է իր ճակատագիրը բաժանել Ռուսաստանից, ապա դա պետք է լինի ժողովրդի ազնիվ որոշումը, այլ ոչ թե կեղծիք։

«Այսպիսի մոտեցումը ընկալվում է որպես ազնիվ արձագանքից խուսափելու փորձ։ Մոսկվան հայտարարություններ է արել պատմական որոշումներ կայացնելու մասին՝ ոչ թե տասնամյակներ, այլ դարեր շարունակ՝ կապված մեր ընդհանուր ճակատագրի հետ։ Իսկ Երևանում փորձում են դա ներկայացնել որպես սովորական, առօրեական գործընթաց։ Սակայն խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, որոնք ազդում են ինքնության և ռազմավարական առաջնահերթությունների վրա։ Եթե ընդունվում են նման լուրջ որոշումներ, պետք է դրանց մասին բաց ու ուղիղ խոսել։

Այդ պատճառով էլ հնչում են հանրաքվեի մասին հայտարարություններ․ եթե Հայաստանը ցանկանում է իր ճակատագիրը բաժանել Ռուսաստանի հետ, ապա դա պետք է լինի ժողովրդի ազնիվ որոշումը, ոչ թե կեղծված գործընթաց։ Երևանի կողմից հնչող մեկնաբանությունները՝ «ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվում» ոճով, միայն խորացնում են իրավիճակը։ Դա ընկալվում է որպես կեղծիք։ Հատկապես լուրջ են ընդունվում Հաղթանակի օրվա դեմ ուղղված սպառնալիքները և դաշնակցային հարաբերությունների քանդման, ինչպես նաև Հայաստանի՝ ԵՄ ուղղությամբ վերակողմնորոշման քայլերը։ Չի կարելի թերագնահատել տեղի ունեցածի լրջությունը»,- ընդգծել է փորձագետը։