Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին. ՌԴ ԱԳՆ

20 Մայիսի 2026, 22:14

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը միանգամից երկու միությունների անհնար է:

«Միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, ըստ սահմանման, անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել», — նշել Է դիվանագետը՝ մեկնաբանելով ՌԴ անվտանգության խորհրդի՝ հարևան երկրների հետ փոխգործակցության հարցերով հատուկ խմբի նիստի արդյունքները։

Ըստ Գալուզինի՝ Բրյուսելում Հայաստանի ԵՄ-ին հնարավոր անդամակցության թեման օգտագործվում է որպես պոպուլիստական կարգախոս, որով նրանք փորձում են «Երևանին ներքաշել արևմտյան ճամբար»։ Նա ընդգծել է, որ նմանատիպ մեթոդներ կիրառվել են Ուկրաինայի դեմ 2013-2014 թվականներին, իսկ այսօր կիրառվում են Մոլդովայի դեմ։

«Մենք տեսնում ենք, որ նույն տեխնոլոգիաները կիրառվում են նաև Հայաստանի դեմ», — հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: