Ռուսաստանը կարող է անգամ չճանաչել Հայաստանի ընտրությունները, եթե ճգնաժամը խորանա. Բալասանյան

Հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված լարվածությունն այս անգամ ավելի խորն ու վտանգավոր բնույթ է կրում, իսկ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նրա խոսքով՝ եթե կողմերը չկարողանան ընդհանուր լեզու գտնել, լարվածությունը շարունակի խորանալ, իսկ «հունիսի 8-ից հետո ինչ-որ մի պարագայում Ռուսաստանը կարող է անգամ չճանաչել Հայաստանի ընտրությունները»։

«Ես կարծում եմ՝ ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 28-29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովից և դրա արդյունքում ընդունված որոշումներից»,- ասել է նա։

Գրիգոր Բալասանյանը նաև նշել է, որ քաղաքական մակարդակից բացի, Ռուսաստանը կարող է կիրառել նաև տարբեր սահմանափակումներ հայ պաշտոնյաների և գործարարների նկատմամբ։

«Որոշ պաշտոնյաներ կարող են հայտարարվել անցանկալի անձ Ռուսաստանում, նրանց մուտքը կարող է արգելվել։ Որոշ պատգամավորների նկատմամբ ևս կարող են սահմանափակումներ կիրառվել։ Պատժամիջոցներ կարող են կիրառվել հատկապես այն գործարարների ու պաշտոնյաներին կատմամբ, որոնք բիզնես շահեր ունեն Ռուսաստանում կամ ունեն հարազատներ, որոնք նույնպես բիզնես շահեր ունեն այնտեղ»,- ընդգծել է Բալասանյանը։

Նրա գնահատմամբ՝ նման զարգացումները լուրջ վնաս կհասցնեն առաջին հերթին Հայաստանի տնտեսությանը, սակայն հետևանքները միայն տնտեսական չեն լինելու։

«Սա նաև անվտանգային առումով բավականին թուլացնում է Հայաստանը, և խորացող ճգնաժամը կարող է որոշ ուժերի համար գայթակղություն դառնալ՝ Հայաստանի դեմ քայլեր իրականացնելու համար, այդ թվում՝ ռազմական ճանապարհով»,- ասել է միջազգայնագետը։