«Կյանքս» եռագրության եզրափակիչ ֆիլմը կցուցադրվի «Armenia TV»-ի եթերում
01 Հունիսի 2026, 22:44
«Կյանքս» եռագրության եզրափակիչ ֆիլմը կցուցադրվի «Armenia TV»-ի եթերում հունիսի 6-ին՝ ժամը 18:30-ին: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Տաթևիկ Կարապետյանը։
«Ի՞նչն է իրականում փոխանցվում սերնդեսերունդ»,-տեսանյութին կից գրել է Տաթևիկը՝ այնուհետև պատմելով եռագրության երեք մասերի աշխատանքի ու ուսումնասիրությունների մասին։
«Եռագրության երեք մասերի վրա աշխատելու ընթացքում մենք ուսումնասիրեցինք հայ կանանց երեք սերունդ՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխանցվում հիշողությունը, ինչպես է փոխակերպվում փորձառությունը, ինչպես է փոխվում երազանքը։ Եվ ինչն է այդ ամենի մեջ մնում անփոփոխ։
«Կյանքս» եռագրության երրորդ ֆիլմը, որը պատմում է մինչև 30 տարեկան հայուհիների մասին, հատկապես հուզիչ ստացվեց։ Թվում է՝ հենց այստեղ է երևում այդ փոխանցման էությունը՝ ինչն է անցնում սերնդեսերունդ, և ինչն է յուրաքանչյուր սերունդ ստիպված լինում ինքնուրույն վերակառուցել։
Նրանք չեն հրաժարվել իրենց ժառանգությունից։ Նրանք անում են ավելի բարդ մի բան՝ սեփական ինքնությունը նորից են կերտում՝ լեզվի, հիշողության և թվային աշխարհի հատման կետում, որտեղ մեզնից յուրաքանչյուրը միաժամանակ գոյություն ունի իր մի քանի տարբերակներով»,-գրել է նա։
«Եվ ահա, թե ինչ հասկացա այս աշխատանքի ընթացքում. ժամանակակից հայ կինը շատ ավելի բազմաշերտ, համարձակ և հավակնոտ է, քան այն պատկերացումը, որը հաճախ փորձում են ստեղծել նրա մասին։ Նա չի սպասում ուրիշների հավանությանը և չի ընդունում նախապես գրված դերեր։ Նա ինքն է ստեղծում դրանք»,-եզրափակել է պրոդյուսերը։