«Բորբոսը լույսի տակ ոչնչանում է». Վոլոդինը՝ Փաշինյանի՝ հայտարարության մասին
02 Հունիսի 2026, 14:54
Բորբոսը լույսի տակ ոչնչանում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը «կվճարի յուրաքանչյուր փչացած պղպեղի համար», որը սահմանափակումների պատճառով չի արտահանվի Ռուսաստան, դրա ակնհայտ ապացույցն է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Փաշինյանն օգտագործում է ԵԱՏՄ-ն, որպեսզի անցնի Եվրամիություն։ Նա փորձում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին։ Սակայն բնակչությանը բացահայտ չի ասում Եվրամիությանն անդամակցելու իր ծրագրերի մասին։
Նա Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ գին կունենա երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից, մասնավորապես՝
- բնակիչների համար գազի գինը կթանկանա գրեթե 4 անգամ,
- Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, որոնք այսօր տարեկան կազմում են գրեթե 4 միլիարդ դոլար (բոլոր փոխանցումների մոտ երկու երրորդը), կտրուկ կնվազեն,
- Ռուսաստան մուտքի և աշխատանքի արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանք գտնելը հնարավոր կլինի միայն աշխատանքային արտոնագրերի միջոցով,
- Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (այդ թվում՝ պղպեղի), ձկնամթերքի, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն։
Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ որոշում էր ընդունվում Եվրամիության հետ ինտեգրվելու մասին։ Խոստանում էին զարգացման մեծ հեռանկարներ, բայց իրականում ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքն, ըստ էության, այդպես էլ չկարողացավ լիարժեք մուտք գործել եվրոպական շուկաներ։
Դրա փոխարեն սահմանվեցին խիստ և անշահավետ սակագնային քվոտաներ։
Նույն ճակատագիրն է սպասում նաև Հայաստանին։ Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը Եվրամիությանը միացնելու և այժմ կատարում է այդ հանձնառությունը։
Միաժամանակ նա փորձում է այդ գործընթացի բոլոր ծախսերն ու կորուստները բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա։ Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը, ո՛չ էլ Հայաստանի պետականությունը։ Նրա կարծիքով՝ այս կերպ կկարողանա պահպանել սեփական իշխանությունը։
Գինը շատ թանկ է լինելու…»,- նշել է Վոլոդինը։