ԵԱՏՄ առաջնորդներին մինչև դեկտեմբեր կներկայացվեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները․ Օվերչուկ

05 Հունիսի 2026, 11:44

Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները մինչև 2026 թվականի դեկտեմբեր կստանան զեկույց՝ Հայաստանի անդամակցության հետ կապված հնարավոր գործողությունների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվեչուկը։

Խոսելով այն մասին, թե մինչև 2026 թվականի դեկտեմբեր կքննարկվե՞ն արդյոք Երևանի անդամակցության հնարավոր սառեցման տարբերակները, Օվերչուկը նշել է, որ «խոսքը գործողությունների հնարավորությունները ուսումնասիրելու և դրանք մինչև դեկտեմբեր ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ներկայացնելու մասին է»։

«Ակնհայտ է, որ, ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն շահագրգիռ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, այսինքն՝ մեր երկրների վարչապետներին, հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և իրենց առաջարկությունները կներկայացնեն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին, որը կանցկացվի այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,- պարզաբանել է Օվերչուկը։