Անարդար և բացարձակապես կողմնակալ ընտրություններ էին․ Կոնստանտին Զատուլին
08 Հունիսի 2026, 14:55
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։
«Սրանք անարդար, բացարձակապես կողմնակալ ընտրություններ էին, որոնց ընթացքում իշխանությունը լիարժեք օգտագործեց վարչական ռեսուրսը, և այնպիսի մասշտաբներով, որոնք նախկինում դժվար էր պատկերացնել ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում։ Ձերբակալվեցին պատգամավորի թեկնածուներ, կիրառվեցին տնային կալանքներ, իսկ դրանից առաջ բանտարկվեցին մրցակից քաղաքական ուժերի առաջնորդները՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Խոչընդոտներ են ստեղծվել նաև այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին մասնակցել ընտրություններին և այդ նպատակով ժամանել էին տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Բանը հասել է նրան, որ, ինչպես հայտնի է, Պաշտպանության նախարարությունը սկսել է հայտնաբերել ժամանած քաղաքացիներին և պահանջել նրանցից մասնակցել զինապարտների հավաքներին։ Այս ամենը ցուցադրաբար անտեսվել է արևմտյան հանրության կողմից, որը տարված է Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու գաղափարով և Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես այդ քաղաքականությունն իրականացնելու հարմար գործընկեր», — ասել է Զատուլինը։
Պատգամավորի կարծիքով՝ այս ընտրություններն օրինական և լեգիտիմ անվանել հնարավոր չէ։
«Մենք գիտենք, թե ինչպես էին ամեն կերպ փորձում բարձրացնել իշխանության ստացած ձայների տոկոսը։ Բազմաթիվ տեղեկություններ էին ստացվում խախտումների մասին։ Հարցեր էր առաջացնում նաև քվեարկության ընթացակարգը։ Առանձին քվեաթերթիկները տրվում էին այնպես, որ փաստացի հնարավոր էր հասկանալ, թե ընտրողը որ ուժին է պատրաստվում ձայն տալ։
Ի տարբերություն այն համակարգի, երբ ընտրողը նշում է կատարում մեկ միասնական քվեաթերթիկում, որտեղ ներկայացված են բոլոր մասնակիցները, այստեղ, որքան գիտեմ, տրվում էր ավելի քան քսան քվեաթերթիկ, որոնցից պետք էր ընտրել մեկը և այն բաց վիճակում գցել քվեատուփ։ Սա հայկական ընտրական համակարգի զարմանալի նորամուծություն է, որը ներկայացվում էր որպես ժողովրդավարության դրսևորում, սակայն գործնականում հնարավորություն էր տալիս վերջին պահին ճնշում գործադրել ընտրողի վրա և նրան ստիպել վախենալ, թե իշխանությունները կարող են իմանալ, թե ում է նա ձայն տվել։
Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցությունները, սակայն անձամբ ես չեմ կարող այս ընտրությունները անվանել օրինական և լեգիտիմ», — նշել է Զատուլինը։