Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները, հավանաբար, կսրվեն․ Վլադիմիր Սաժին

ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն Alpha News-ին մեկնաբանել է Մերձավոր Արևելքի իրավիճակը։

«Ես արդեն ասել եմ, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հավանականությունը միջինից ցածր է՝ մոտ 25%, իսկ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ միջինից բարձր՝ մոտ 75%։ Սա պարզ է, որովհետև նույնիսկ այդ հուշագիրը, էլ չեմ խոսում երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի մասին, հիմնված է կողմերի տարբեր հայացքների, տարբեր դիրքորոշումների և տարբեր պահանջների վրա։ Այդ պատճառով այն ի սկզբանե անիրագործելի էր», — ասել է Սաժինը։

Փորձագետի խոսքով՝ ներկայում, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները կսրվեն Իսրայելի և Իրանի միջև։

«Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի Թրամփը, քանի որ նա անկանխատեսելի է։ Չնայած ԱՄՆ-ի ուժերը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ միայն չեն նվազել, այլև հակառակը՝ ավելացել են, ուստի պետք է սպասել», — եզրափակել է Սաժինը։