Մերձավոր Արևելքում հակամարտության լիակատար դադարեցման մասին դեռևս խոսք չկա․ Վասիլի Օստանին-Գոլովնյա
11 Հունիսի 2026, 22:30
Արևելագետ Վասիլի Օստանին-Գոլովնյան Alpha News-ին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իրանի միջև վերջին լարվածությունը։
«Իրանի իրավիճակը Մերձավոր Արևելքի մեծ հակամարտության հերթական փուլն է։ Ներկա էսկալացիան սկսվեց այն պահին, երբ խփվեց ամերիկյան ուղղաթիռը։ Բնականաբար, ԱՄՆ-ը ստիպված էր պատասխան հարված հասցնել։ Սակայն բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, շարունակվում է՝ թեկուզ ոչ հրապարակային դաշտում։ Չնայած հիմնական միջնորդը մնում է Պակիստանը, տեխնիկական հիմնական աշխատանքն, ըստ ամենայնի, կատարում է Կատարը, որը սովորել է հավասարակշռվել նույնիսկ տարածաշրջանի հակամարտող կողմերի միջև։
Ընդհանուր առմամբ, իհարկե, խաղաղ համաձայնագրի կամ հակամարտության լիակատար դադարեցման մասին խոսք լինել չի կարող, սակայն, հավանաբար, մենք մոտ ենք ինչ-որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որն, ամենայն հավանականությամբ, կվերաբերի Պարսից ծոցի գոտու կայունացմանը»,- ասել է Օստանինը։
Փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանում գլոբալ հակասությունները դեռ չեն սպառվել, ինչը կարող է կողմերին տալ ռազմական գործողությունները վերսկսելու առիթ։
«Առաջին հերթին խոսքը վերաբերում է յուրաքանչյուր կողմի սկզբունքային դիրքորոշումներին, այդ թվում՝ Իսրայելին։ Իրանի համար սկզբունքային է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն ոչ միայն ծոցի գոտում, այլ նաև Լիբանանում, որտեղ, ըստ Իսրայելի պաշտոնական հայտարարությունների, ռազմական գործողությունները ուղղված են միայն շիական «Հեզբոլլահ» շարժման ուժերի դեմ։ Սակայն իրականում հիմնականում տուժում է Լիբանանի խաղաղ բնակչությունը։ Հարավային Լիբանանը, որտեղ պարզապես ոչնչացվում է բնակելի շինարարությունը, գրեթե ամբողջությամբ բացակայում է քաղաքացիական ենթակառուցվածքը։
Սա, բնականաբար, սրում է իրավիճակը։ Եվ նույնիսկ եթե ԱՄՆ-ը և Իրանը ստորագրեն ինչ-որ շրջանակային համաձայնագիր Պարսից ծոցի գոտու վերաբերյալ, ընդհանուր իրավիճակը կմնա չափազանց լարված, և ռազմական գործողությունների վերսկսումը կմնա ժամանակի հարց։ Բայց, իհարկե, ցանկալի է հուսալ լավագույնին։ Սակայն հույսերը դեռ ճշգրիտ կանխատեսումներ չեն», — եզրափակել է Օստանինը։