Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման կոչերը պետք է ուղեկցվեն Բաքվին պատասխանատվության ենթարկելու քայլերով․ Չուլջյան
13 Հունիսի 2026, 14:14
Ադրբեջանին կոչ անող ուղղումը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին, ներկայացվել է քվեարկության ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստում։ Նախաձեռնության հեղինակն է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Այն ներկայացվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանի հետ։
«Սա Ներկայացուցիչների պալատի կողմից շատ կարևոր քայլ էր, և այժմ նախաձեռնությունը կներկայացվի հանձնաժողովի քվեարկությանը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել Է այս քայլը՝ նշելով, որ գերիների հարցի առումով Կոնգրեսը պետք է կտրուկ քայլեր պահանջի Ադրբեջանից, և ազատ արձակման կոչերը պետք է ուղեկցվեն պատասխանատվության ենթարկելու քայլերով»,- նշել է Չուլջյանը։
Նրա խոսքով՝ Կոնգրեսը պետք է սկսի պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին և կիրառի «Ազատության աջակցության» օրենքի 907-րդ բանաձևը, որով արգելվում է Միացյալ Նահանգներին ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։
«Հայ դատի հանձնախումբը հստակ հայտարարել է՝ շարունակելու են պահանջել, որ 907-րդ բանաձևը կիրառվի, իսկ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ցանկացած տեսակի ռազմական օգնություն պետք է դադարեցվի»,- ընդգծել է Չուլջյանը։