Դեռ վաղ է խոսել Մերձավոր Արևելքում կայուն և երկարատև խաղաղության մասին. Իրինա Ֆյոդորովա
16 Հունիսի 2026, 21:32
Արևելագետ Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի համար մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի կնքումը։
Փորձագետի խոսքով՝ այս հուշագիրը հանգուցային հարցերի շուրջ բանակցությունների միայն սկիզբն է։
«Կարծում եմ, որ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես դա կոչվում է, որն էլեկտրոնային տարբերակով ստորագրվել է երեկ, նախատեսում է միայն բանակցությունների սկիզբ այնպիսի հարցերի շուրջ, որոնք իրոք կարևոր են ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար։ Նկատի ունեմ թե՛ Իրանի միջուկային ծրագիրը, թե՛ Իրանի կողմից տարածաշրջանում իր դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը, և թե՛ այլ հարցեր։ Այդ թվում՝ սառեցված ակտիվներից Իրանին դրամական միջոցների վճարումը նախկինում վաճառված իրանական նավթի դիմաց։ Ուստի կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե այս տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է ինչ-որ կայուն և տևական խաղաղություն։
Բացի այդ, բանակցությունների գործընթացի վրա, որոնք կսկսվեն հունիսի 19-ին համաձայնագրի պաշտոնական ստորագրումից հետո, կազդի նաև Միացյալ Նահանգների ներքին իրավիճակը։ Այնտեղ կան ինչպես այս պայմանագրի կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ։
Իրանում իրավիճակը նման է։ Կան այս պայմանավորվածության կողմնակիցներ, և կան էլիտայի ուլտրապահպանողական ներկայացուցիչներ, որոնք դեմ են Միացյալ Նահանգների հետ ցանկացած համաձայնագրի՝ համարելով դա զգալի զիջում Իրանի կողմից»,- ասել է Ֆյոդորովան։