Սա ամենևին ԲՀԿ-ի շահերի համար մղվող պայքար չէ. Իվետա Տոնոյան
19 Հունիսի 2026, 17:18
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հաստատակամ է բոլոր օրինական միջոցներով պայքարել ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում տեղի ունեցած անարդարությունների դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ բացարձակ անարդար գործընթացը սկսվել է ընտրությունների արդյունքների ամփոփման հենց առաջին գիշերվանից, երբ արձանագրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների հաշվարկի հետ կապված տարատեսակ մանիպուլյացիաներ։
«Այդ պահից սկսած մենք հայտարարել ենք, որ օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական ճանապարհները, որպեսզի մեր ժողովրդի ընտրելու իրավունքը լիարժեք իրացված լինի։ Այս գործընթացը մեկնարկվել է Վարչական դատարան դիմելով, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքներ ներկայացնելով, իսկ այժմ արդեն հերթը Սահմանադրական դատարանինն է։ Մեր քաղաքական թիմը հակված է իրավական ճանապարհով հասնելու արդարության վերականգնմանը»,- ընդգծել է Տոնոյանը։
ԲՀԿ խոսնակը հատուկ շեշտել է, որ սա ամենևին սոսկ կուսակցական շահի համար մղվող պայքար չէ։ Այն հանրային արդարության մասին է, հատկապես այն ֆոնին, երբ իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ բարձրաձայն հորջորջում են ժողովրդավարության և քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին։