Կոնգրեսմենները պետք է տեսնեն, որ մենք շատ ենք ու շարունակում ենք պայքարը. ամերիկահայ ակտիվիստ

15 Օգոստոսի 2023, 23:15

Քաղաքականություն

Ադամ Շիֆի խոսքը կարող է ուժ ունենալ, և նա կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասել է համայնքային ակտիվիստ Անժել Մարտիրոսյանը՝ ներկայացնելով, թե ինչ ակնկալիքներ ունեն Լոս Անջելեսում ակցիա իրականացնողներ ամերիկահայերը:

«Կոնգրեսմեն Ադամ Շիֆի խոսքը կարող է ուժ ունենալ, և նա կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Մեր ակնկալիքն այն է, որ գոնե հումանիտար օգնությունը Արցախ հասնի: Հասկանում ենք՝ նա միայնակ չի կարող լուծում տալ հարցին, բայց կարող է ճնշել Ադրբեջանին: Այլ կազմակերպություններ ևս պետք է նրան միանան, որ կարողանանք արդյունքի հասնել»,- նշել է ակտիվիստը:

Մարտիրոսյանը հիշեցնում է՝ վաղը շատ կարևոր օր է, քանի որ Լոս Անջելեսի հայ առաքելական եկեղեցում սպասվում է համահայկական աղոթք:

«Վաղը շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ Լոս Անջելեսի հայ առաքելական եկեղեցում սպասվում է համահայկական աղոթք: Կոչ եմ անում այստեղի մեր հայրենակիցներին միանալ մեզ՝ չմոռանալով բողոքի ակցիայի մասին: Այնտեղի կոնգրեսմենները պետք է տեսնեն,որ մենք շատ ենք ու շարունակում ենք մեր բողոքի ակցիան: Պետք է շատ լինենք, որ հասնենք արդյունքի»,- եզրափակել է ակտիվիստը: