Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շրջադարձային և անորոշության կետում․ Ալեքսանդր Կռիլով
23 Հունիսի 2026, 18:45
ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Աշխարհի տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ին տված մեկնաբանությունում՝ «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական ֆորումի շրջանակում, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
Փորձագետի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները հերթական շրջադարձային և անորոշության փուլում են։
«Անհասկանալի է, թե ինչպես կազդեն ընտրությունները։ Հավանական են երեք սցենարներ։ Օպտիմիստական սցենարը ենթադրում է, որ հարաբերությունները կմնան այն վիճակում, ինչում եղել են ընտրություններից առաջ։ Այսինքն՝ Հայաստանը քաղաքականապես կմոտենա Եվրոպային, միևնույն ժամանակ կօգտվի Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր տնտեսական արտոնություններից։
Երկրորդ տեսակետն այն է, որ Ռուսաստանը կարձագանքի այս ընտրություններին և այլևս չի համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։ Այդ դեպքում, հավանաբար, Հայաստանի նկատմամբ կարող են կիրառվել որոշ սահմանափակիչ միջոցներ, թեև տեսնում ենք, որ դրանցից մի քանիսն արդեն կիրառվում են։
Երրորդ՝ ամենաբացասական սցենարը մեր հարաբերությունների փաստացի խզումն է՝ եթե ոչ դիվանագիտական, ապա գործնական մակարդակում՝ Մոլդովայի օրինակով։ Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կապերի կրճատմանը, ինչպես նաև Հայաստանի հնարավոր միանալուն այն տնտեսական շրջափակմանն ու պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի նկատմամբ կիրառում են նրա միջազգային հակառակորդները»,- նշել է Կռիլովը։