Դուք ինչո՞վ եք մտածում. Հարություն Մնացականյանը՝ ՌԴ-ից ներկրումն արգելելու կոչերի մասին

Վերջին շրջանում հայկական տեղեկատվական տիրույթում, մասնավորապես՝ տելեգրամյան ալիքներում, ակտիվորեն շրջանառվում են թեզեր և նարատիվներ՝ Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների ներկրումը մասնակի կամ ամբողջությամբ արգելելու վերաբերյալ։ Հանրային այս քննարկումներին հանգամանալից անդրադարձ է կատարել գյուղատնտես և գործարար Հարություն Մնացականյանը՝ կոչ անելով ցուցաբերել առավելագույն խոհեմություն, պատասխանատվություն և հեռատեսություն։

Նա խիստ քննադատության է ենթարկել նմանատիպ կոչեր տարածողներին՝ նշելով, որ նրանք բացարձակապես չեն պատկերացնում երկրի պարենային ու ազգային անվտանգության համակարգը և տնտեսության իրական կառուցվածքը։

Իրավիճակի լրջությունը ընդգծելու նպատակով փորձագետը ներկայացրել է մի շարք առանցքային փաստեր Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածության վերաբերյալ։

Հացահատիկ և կերեր. Հայաստանի բնակչության սպառման և անասնապահության ոլորտում օգտագործվող հացահատիկի (ցորեն, գարի, եգիպտացորեն, տարեկան) ավելի քան 80%-ը ներկրվում է Ռուսաստանից։ Հարություն Մնացականյանի խոսքով՝ մեր ամենօրյա հացի արտադրությունն ու անասնապահության ոլորտը հիմնված են հենց ռուսական ցորենի վրա։

Առաջին անհրաժեշտության սնունդ. Ռուսաստանից ահռելի ծավալներով ներմուծվում է մեր ամենօրյա օգտագործման ձեթը, ձավարեղենը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող հատիկաընդեղեն մշակաբույսերը (սիսեռ, ոսպ, հնդկաձավար, վարսակի փաթիլներ և այլն)։

Էներգակիրներ. Հայաստանը Ռուսաստանից է ներկրում նաև հեղուկ գազը, բնական գազը, բենզինն ու դիզելային վառելիքը:

«Եթե վաղը մյուս օրը ներկրումը դադարեցվի, ապա ամբողջ բնակչությունը կանգնելու է լուրջ խնդիրների առաջ։ Դուք ի՞նչ եք մտածում, ինչո՞վ եք մտածում»,- նման գաղափարներ տարածողներին հարց է ուղղել Հարություն Մնացականյանը։