Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառվել է ամենաինտենսիվ խափանման միջոցը․ Արամ Վարդևանյան

25 Հունիսի 2026, 17:04

Քաղաքականություն

Դատարանում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։ Նիստի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը ընդգծել է, որ Ավանեսյանի նկատմամբ ի սկզբանե ցուցաբերվել է անհամաչափ խիստ մոտեցում։

Արամ Վարդևանյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ համանման գործերով մյուս անձանց համեմատությամբ՝ հենց Արթուր Ավանեսյանի նկատմամբ է ընտրվել ամենախիստ սահմանափակումը։

«Պարոն Ավանեսյանը սույն քրեական վարույթի շրջանակներում միակ անձն է, որի նկատմամբ կիրառվել է ամենաինտենսիվ խափանման միջոցը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, բոլոր այլ անձանց նկատմամբ նույն օրն է իրականացվել խափանման միջոցի վերաբերյալ քննություն, և պարոն Ավանեսյանի նկատմամբ էր, որ ընտրվեց ամենաինտենսիվը»,- հայտարարել է փաստաբանը։

Հիշենցենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։

Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 28-ին: