Արտիստ, որը միավորեց Արևելքն ու Արևմուտքը․ Աբրահամ Ռուսո
21 Հուլիսի 2026, 22:30
Հայկական արմատներով էստրադային երգիչ Աբրահամ Ռուսոն ծնվել է 1969 թվականի հուլիսի 21-ին Հալեպում (Սիրիա)։ Նրա հայրը՝ Ժան Իփջիյանը, Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի ծառայող էր և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, իսկ մայրը՝ Մարիան, աշխատել է որպես բուժքույր։
Վաղ տարիքում կորցնելով հորը՝ Աբրահամը մոր հետ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ Լիբանան, որտեղ մի քանի տարի ապրել և սովորել է վանքում։ Հենց այնտեղ էլ ի հայտ է եկել նրա երգելու տաղանդը․ նա կատարում էր հոգևոր երգեր և մասնակցում սիրողական խմբերի։
Երիտասարդ տարիներին Ռուսոն իր ապրուստը վաստակել է երգելով ռեստորաններում և ակումբներում՝ սկզբում Լիբանանում և Սիրիայում, ապա՝ Կիպրոսում։ 1995 թվականին նրան հրավիրել են Մոսկվա, որտեղ սկսվել է նրա ստեղծագործական կյանքի նոր փուլը․ նա ծանոթացել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ, պայմանագիր կնքել «Nox Music» ընկերության հետ և ձայնագրել իր առաջին ալբոմը։ 2001 թվականին թողարկված «Amor» երգը իսկական հիթ է դարձել, իսկ 2002-ին Քրիստինա Օրբակայտեի հետ դուետը՝ «Любовь, которой больше нет» Ռուսոյին մեծ ճանաչում է բերել Ռուսաստանում։ Նրա «Далеко-далёко», «Просто любить тебя» և «Обручальная» երգերն ավելի են ամրապնդնել այդ հաջողությունը։
Երգիչը թողարկել է մի քանի ալբոմ, արժանացել «Ոսկե գրամոֆոն» մրցանակների և ելույթ ունեցել «Տարվա երգ» փառատոնին, իսկ 2010 թվականին ստացել է Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում։ 2006 թվականին նրա դեմ կատարված մահափորձից հետո Ռուսոն տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ նա շարունակել է երգել, թողարկել անգլալեզու «Resurrection» ալբոմն, ելույթներ է ունեցել տարբեր երկրներում։
Աբրահամ Ռուսոն այն երգիչներից է, որի երաժշտության մեջ միահյուսվել են հայկական արմատները, արևելյան մեղեդայնությունն ու ռուսական էստրադան։ Նրա կենսագրությունը դժվարությունների հաղթահարման և հաջողության հասնելու պատմություն է, իսկ նրա երգերը շարունակում են մնալ հետխորհրդային էստրադայի մշակութային ժառանգության մաս։